4 մայիսի 2021 - 17:40 AMT
ԱԺ նախագահ․ Ղազանչեցոցի աղավաղումը վկայում է` Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, նիստում անդրադառնալով և դատապարտելով «նորոգման աշխատանքների» քողի տակ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու աղավաղումը, հայտարարել է, որ դա հերթական վկայությունն է, որ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնարին է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները։

«Կարծում եմ և այդ բարբարոսությունը, և գերության մեջ կամ այլ կարգավիճակով Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ վերաբերմունքը, և խայտառակ պուրակի բացումը Բաքվում հերթական վկայությունն է, որ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնարին է, և աշխարհը պետք է ճանաչի արցախահայության ինքնորոշման իրավունքը:

Սա է այն քաղաքականությունն ու դիրքորոշումը, որը մենք` որպես Հայաստանի Հանրապետություն, ունենք, և այստեղ որևէ փոփոխություն չկա»,-ասել է Միրզոյանը:

Նա հավելել է, որ այս ուղղությամբ պետք է սերտորեն աշխատել միջազգային գործընկերների հետ։

Ավելի վաղ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան հայտարարել էր, որ «Նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են հայկական հոգևոր մշակութային կարևորագույն արժեքներից մեկը՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։