«Աջակցություն վիրավոր զինվորներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրմանն ուղղված ծրագրերի շրջանակում ուժերը միավորում է «Ազնավուր» հիմնադրամի հետ:
Համատեղ իրականացվող Վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրման ծրագրի շրջանակում դրամաշնորհներ են տրամադրվելու վիրավոր զինվորներին՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար:
Բացի բիզնես գաղափարների ֆինանսավորումից, ծրագրի շրջանակում վիրավոր զինվորներն անցնելու են նաև մասնագիտական կողմնորոշում, վերապատրաստում, ստանալու են բիզնես խորհրդատվություն, սովորելու են բիզնես վարելու հմտություններ:
Ծրագրի նպատակը ձեռնարկատիրական գործունեության միջոցով վիրավոր զինվորի համար եկամտի կայուն աղբյուրի ստեղծումն ու ֆինանսական անկախության ապահովումն են:
«Պատերազմի մեկնարկից ի վեր մարդասիրական օգնության ծրագրի շրջանակում Հիմնադրամին հաջողվել է Ֆրանսիայում ու Շվեյցարիայում մեր գործըկներների աջակցությամբ հավաքագրել 175 տոննա օգնություն և տեղափոխել այն Հայաստան Ֆրանսիայի կառավարության հետ համագործակցությամբ: Այս պահին «Ազնավուր» հիմնադրամը նպատակ ունի կենտրոնացնել իր ուժերը սոցիալական և վերականգնողական ծրագրերի ուղղությամբ: Ուրախ ենք, որ այդ նախագծերի մեկնարկը տրվում է «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող այս ծրագրով», - նշել է «Ազնավուր» հիմնադրամի փոխտնօրեն Կարինե Էվոյանը։
«Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ նախագահ, Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանն էլ նշել է, որ վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրումն առաջնային նշանակություն ունի:
«Զինվորի տանն իրականացվող կրթական ծրագրերի նպատակը վիրավոր զինվորներին իրենց վնասվածքի հետ համատեղելի, նախընտրություններին ու անձնական որակներին համապատասխան մասնագիտացում տալն է, որը կլինի ժամանակակից, աշխատաշուկայում պահանջարկ ունեցող: Վիրավոր զինվորը կկարողանա գտնել արժանապատիվ վարձատրվող աշխատանք կամ կզբաղվի ձեռնարկատիրական գործունեությամբ, ձեռք կբերի ֆինանսական անկախություն և որպես վերջնական արդյունք՝ կվերաինտեգրվի հանրության»ը,- նշել է Հայկուհի Մինասյանը։
Վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրման ծրագրին կարող են դիմել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները, կամավորականները, ծրագրի շահառու են հանդիսանում նաև նախորդ տարիներին վիրավորում ստացած նախկին զինծառայողները: