4 մայիսի 2021 - 18:04 AMT
Մահացել է գիշատիչ կենդանիների հայտնի վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը

Մահացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, գիշատիչ կենդանիների հայտնի վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը։ Այդ մասին հայտնել է «Ռոսպետկրկեսը»։

Նա 75 տարեկան էր։

«75 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ․ գիշատիչ կենդանիների հայտնի վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Բաղդասարովը ծնվել էր 1945-ի մայիսի 23-ին` Բաքվում։ 14 տարեկանում սկսել է որպես ձիապան աշխատել Բաքվի կրկեսում, 18 տարեկանից աշխատել է վարժեցնող Մարգարիտա Նազարովայի ղեկավարությամբ։ 1991-ին նա հանդիսատեսին է ներկայացրել իր «Վագրեր շոուն», որին մասնակցել է 18 վագր։

«Այդ պահից ի վեր Բաղդասարովի ելույթներում միշտ անշլագ էր։ Այդ նույն ատրակցիոնում նա բեմ դուրս բերեց իր դստերը՝ Կարինային, իսկ 1994-ից նաև որդուն՝ Արթուրին»,-ասվում է «Ռոսպետկրկեսի» հաղորդագրության մեջ։

1997-ին Բաղդասարովն արժանացել է Ռուսաստանի ժողովրդական արտիսիտ կոչման։ 2012-ին նա նշանակվել է Նիժնի Նովգորոդի կրկեսի գեղարվեստական ղեկավար, իսկ 7 տարի անց նրան տեղափոխել են «Ռոսպետկրկեսի» գլխավոր տնօրինություն։