4 մայիսի 2021 - 19:14 AMT
Արցախում մեկնարկել են «Սպուտնիկ V»-ի պատվաստումները

Արցախում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ի պատվաստումները, որոնք իրականացվում են Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում։

ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանն ասել է, որ ռուս խաղաղապահներն Արցախին տրամադրել են 15,000 դեղաչափ պատվաստանյութ, որով կպատվաստվի 7500 քաղաքացի, գրում է Արցախպրեսը։

«Պատվաստումների իրականացման արդյունքում կունենանք կորոնավիրուսի հետևանքով ծանր հիվանդների նվազում և մահացության դեպքերի բացառում: Առաջին փուլում ընդգրկված են 65 տարեկան և բարձր տարիքի, 16-64 տարեկան խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, իսկ երկրորդ փուլում՝ ուսուցիչները, ոստիկանության և այլ պետական համակարգերի աշխատակիցներ: Ցանկացողները նախապես պետք է գրանցվեն Ստեփանակերտի պոլիկլինիկական բաժանմունքում, մանկական հիվանդանոցում»,- ասել է նա։

Ապրիլ ամսվա ընթացքում պատվաստում է ստացել 15 քաղաքացի, իսկ մայիսի 4-ի դրությամբ՝ 74:

Նա նշել է՝ ելնելով իրավիճակից, հետագայում պատվաստումը կարող է պարտադիր դառնալ:

Մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2679 դեպք: Կատարվել է 24,070 թեստավորում: