4 մայիսի 2021 - 19:16 AMT
ԵԽ պատգամավորները դիմել են ԵԽ ու Եվրահանձնաժողով՝ հարկադրելու Ադրբեջանին ազատելու հայ գերիներին

Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են Եվրախորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներին՝ հարկադրելու Ադրբեջանին ազատ արձակելու հայ գերիներին: Այդ մասին խորհրդարանական հայտարարությունների ժամին տեղեկացրել է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Պատգամավորներն իրենց հայտարարության մեջ նշել են, որ խոսքն այն 72 անձի մասին է, որոնց գերեվարման փաստը Բաքուն ընդունում է, ինչպես նաև այն 112 անձի մասին, որոնց վերաբերյալ Ադրբեջանը չի տրամադրում տեղեկություն, և ևս 61 անձի մասին, որոնց գերեվարված լինելու փաստն Ադրբեջանը հերքում է, սակայն հակառակն ապացուցող փաստեր կան»,- ասել է Եղոյանը։

Նա հավելել է նաև, որ եվրապատգամավորները նշել են՝ թեև Բաքուն փորձում է գերիների մի մասին որպես ահաբեկիչ ներկայացնել, սակայն, ապացուցող փաստեր չկան։

Նշվել է նաև, որ Ադրբեջանի պահվածքը միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված ռազմագերիների կարգավիճակի խախտում է։

Եվրախորհրդարանի 120-ից ավելի պատգամավոր է միացել այս պահանջին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում գերության մեջ հայտնված անձանցից 19-ը խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն: Այդ մասին տեղեկացրել են Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը։