5 մայիսի 2021 - 13:03 AMT
Զորակոչից խուսափածների համաներման նախագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներման նախագիծը։

Դրանով առաջարկվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ:

Համաներումը չի կիրառվի 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչից, ինչպես նաև վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ:

Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ընձեռվում ծառայությունից խուսափած անձանց վերադառնալու հայրենիք և սեփական ավանդը ներդնելու մի շարք ոլորտների զարգացման գործում: