5 մայիսի 2021 - 15:41 AMT
Տիգրան Ձիթողցյանի նկարներից մեկը՝ Նյու Յորքի Cube Art Fair-ի վահանակին

Ամերիկաբնակ հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» շարքի նկարներից մեկը հայտնվել է Նյու Յորքի արվեստի ամենամեծ կենտրոնի Cube Art Fair-ի մեծ գովազդային վահանակին։ Այդ մասին նկարիչը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Երեկ այդ մասին չէի մտածում, բայց ապշեցուցիչ էր այսօր դա տեսնել սեփական աչքերով։ Կարծես, մանկությանդ երազանքը կատարված լինի»,-գրել է նա։

Ցուցահանդեսն անցնում է մայիսի 5-9-ը։

«Հայելիներ» շարքը, որից մի քանի աշխատանք ցուցադրվել է 2015-ին Երևանում, նվիրված է անձին: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում նկարիչը դեռ տարիներ առաջ խոսելով շարքի մասին ասել էր․ «Ձեռքերը, որոնցով կտավներիս վրա դեմքերն փակված են, ինֆորմացիան է, ֆիլտրերը, որոնցով մարդիկ փակում են իրենց դեմքը՝ թաքնվելով դիմանկարի հետևում, որը հենց իրենք են ստեղծում, ու ներկայանում այնպես, ինչպես ուզում են, որ մարդիկն իրենց տեսնեն»:

Ձիթողցյանը ծնվել է Երևանում, ավարտել Երևանի գեղարվեստի ակադեմիան, որից հետո կրթությունը շարունակել Շվեյցարիայի École Cantonale d'Art du Valais-ում: Ավելի ուշ նկարիչը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ էլ մինչև օրս ապրում է:

Ընթերցեք նաև․ Տիգրան Ձիթողցյան.Նյու Յորքում ուժ էր տալիս միտքը, որ եթե չստացվի էլ, չեմ փոշմանի, որ չեմ փորձել անել ամեն ինչ