5 մայիսի 2021 - 15:09 AMT
Լենա Նազարյանը չինական պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չինական արտադրության «ԿորոնաՎակ» պատվաստանյութով: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։

Այս պատվաստանյութը Հայաստանին մայիսի 2-ին տրամադրել է բարեկամ Չինաստանի կառավարությունը՝ կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում (100,000 դեղաչափ՝ 50,000 անձի համար)»,-ասվում է գրառման մեջ:

Նշված է նաև, որ «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի ռիսկի խմբի անձանց շրջանում Covid-19-ի դեմ պատվաստումների իրականացման համար: Կիրառվում է երկու դեղաչափով` յուրաքանչյուրը 0,5 մլ: Երկրորդ դեղաչափն իրականացվում է առաջին դեղաչափից 28 օր հետո:

Նազարյանը նաև կոչ է արել պատվաստվել և կանխարգելել վարակը։

Ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի հատուկ նիստում, որտեղ քննարկվում էր վարչապետի ընտրության հարցը, հույս էր հայտնել, որ ԱԺ նախագահությունից չինական արտադրության պատվաստանյութ ընտրող կլինի։