5 մայիսի 2021 - 15:26 AMT
«Իմ քայլը» լքած Աննա Գրիգորյանը Սյունիքի նախկին մարզպետի «Վերածնվող Հայաստանին» կմիանա

«Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Աննա Գրիգորյանը որոշում է կայացրել քաղաքական ուղին «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ շարունակելու մասին։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահն է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

Այդ մասին պատգամավորն ասել է՝ նշելով, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է՝ իր հիմքում ունենալով Սյունիքը, գրում է Pastinfo-ն։

«Այն հետպատերազմյան Հայաստանում ստեղծված կուսակցություն է, որը կարծում եմ՝ ստեղծվել է անհրաժեշտաբար, որովհետև գործող իշխանությունը համապատասխան ջանքեր և արդյունավետ գործողություններ չի իրականացրել և անտարբերության է մատնել Սյունիքը»,-ասել է Գրիգորյանը։

Նա հավելել է, որ այս կուսակցության կորիզը Սյունիքի համայնքապետերն են, և այն նպատակ ունի վերածնելով Սյունիքը՝ այն տարածել ամբողջ Հայաստանով։

2020-ի դեկտեմբերին Ազգային ժողովում թափուր տեղը զբաղեցրած Աննա Գրիգորյանը մանդատը վերցրել է որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից։