5 մայիսի 2021 - 16:37 AMT
Հյուսիսայինում Covid-19-ի դեմ պատվաստման կետ է բացվել

ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի գործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խումբը տեղակայվել է Հյուսիսային պողոտայում:

Արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ դիմել և ստացել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստում, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանի հանրային վայրերում` առևտրի կենտրոններում, փողոցներում, շուտով կգործեն փոքր բուժկետեր, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստումները բնակիչների համար ավելի հասանելի կդարձնեն։

Հայաստանում պատվաստումներն իրականացվում են «Սպուտնիկ V» և AstraZeneca պատվաստանյութերով։ Չինաստանից Հայաստան է ներկրվել «Կորոնավակ» պատվաստանյութի 100,000 դեղաչափ` 50,000 անձի համար, որով կարող են պատվաստվել 18 տարին լրացած բոլոր ցանկացողները։