12 մարտի 2009 - 18:34 AMT
Սամվել Ֆարմանյան. Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման կոնկրետ ժամկետների մասին դեռեւս պայմանավորվածություն չկա
ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների հերթական տարածաշրջանային այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտակա ամիսների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացման մասին: Ներկա պահին երկու պետությունների ղեկավարների հանդիպման կոնկրետ ժամկետների մասին դեռեւս պայմանավորվածություն չկա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնում էր «Կոմերսանտը», ԵԱՀԿ Մինսկի խումբը դիտարկում է Պրահայում մայիսի 7-ին կայանալիք «Արեւելյան գործընկերությանը» նվիրված ԵՄ գագաթաժողովում Սարգսյան-Ալիեւ հանդիպման հնարավորությունը: Ինչպես գրում է «Կոմերսանտը», ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքվում կառաջարկի հանդիպման օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` առաջարկելով անցկացնել այն Պրահայում ՌԴ դեսպանատան տարածքում: «Եթե այդ առաջարկն ընդունվի, ռուսական կողմը կրկին հնարավորություն կստանա հայտարարել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում իր կառուցողական դերի մասին»,- գտնում է թերթը: