«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հայտարարել է, որ եթե խորհրդարանական արտահերթ ընտրություններում որևէ ուժ ԱԺ-ում չունենա առնվազն 54% և կոալիցիա չկազմվի, կլինի ընտրությունների 2-րդ փուլ։
Նա նշել է, որ Ընտրական օրենսգրքի գործող նորմի համաձայն՝ կոալիցիա կազմելու համար 6 օր է նախատեսված, տեղեկացնում է Սիվիլնեթը։
«Եթե ձեր ենթադրած սցենարը լինի, որ որևէ ուժ խորհրդարանում չունենա տեղերի առնվազն 54 տոկոսը և 6 օրվա ընթացքում հնարավոր չլինի առավելագույնը 3 ուժերի միջև կոալիցիա կազմել, որը կունենա տեղերի 54 տոկոսը, ապա Հայաստանում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ»,- նշել է Դանիելյանը։
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը: Ընտրության երկրորդ փուլին մասնակցում է այն երկու կուսակցությունը (կուսակցությունների դաշինքները), որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։
Ապրիլի 25-ին Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և հայտարարել հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Նա, սակայն, շարունակում է կատարել վարչապետի լիազորությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարությունը նույնպես հրաժարական է ներկայացրել, բայց, անդամները շարունակում են կատարել լիազորությունները։ Եթե ԱԺ-ն 2 անգամ վարչապետ չընտրի, կլուծարվի: Մայիսի 3-ին ԱԺ-ն առաջին անգամ չընտեց վարչապետ։
Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ եթե պայմանավորվածությունները խախտելու փորձեր լինեն, եթե ինչ-որ պահի ինչ-որ ուժեր փորձեն երկրորդ փուլում այլ սցենար զարգացնել, ապա կա պատրաստի լուծում՝ «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ։