Վարչապետի պաշտոնակատար Նկոլ Փաշինյանն ԱԺ-ում, որտեղ երկրորդ անգամ քննարկվում է վարչապետ ընտրելու հարցը, անդրադառնալով երկրի աճող արտաքին պարտքին, հայտարարել է, որ պետք չէ պետական պարտքից վախենալ։
Նա հավելել է, որ երկրներ կան, ընդ որում` զարգացած երկրներ, որոնք իրենց ՀՆԱ-ի 200%-ի չափով պետական պարտք ունեն։
Փաշինյանն ասել է, որ այդ պարտքը վերցվում է երկրի զարգացման համար։
Վարչապետի պաշտոնակատարը նշել է նաև, որ Հայաստանը, ինչպես և ամբողջ աշխարհն անցել է համավարակի միջով և հիմա այդպիսի երկիր չկա, որի արտաքին պարտքը չի ավելացել։
Նա ասել է, որ պետք է հիշել նաև ձեռքբերումների մասին՝ նշելով, որ 2019-ին առաջին անգամ ՀՀ-ն պետաբյուջեի աջակցության վարկ չի վերցրել։
ՀՀ պետական պարտքը ավելի քան 8 մլրդ դոլար է կազմում։ 2020թ․ նոյեմբերի դրությամբ՝ այն կազմել է 7 միլիարդ 947 միլիոն դոլար։ Այս մասին հայտնել էր Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից։ 2021 թվականի պետական բյուջեի նախագծում կանխատեսվում է, որ 2021-ի վերջում պետական պարտքը կհատի 9 մլրդ դոլարի շեմը։