11 մայիսի 2021 - 11:19 AMT
Ալիևը՝ Կանադային և Ֆրանսիային․ Թող իրենց գործերով զբաղվեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում «քննադատել է» Կանադայի և Ֆրանսիայի հայտարարությունները՝ ասելով, թե թող իրենց գործերով զբաղվեն։ Այդ մասին Ալիևը հայտարարել է Նախիջևան այցի ժամանակ՝ մեկնաբանելով Կանադայի և Ֆրանսիայի հայտարարությունները ԼՂ հակամարտության վերաբերյալ։

Ավելի վաղ Կանադայի և Ֆրանսիայի ԱԳՆ-ները կոչ էին արել Բաքվին վերադարձնել բոլոր հայ գերիներին։

«Նախ՝ հակամարտությունը լուծված է: Երկրները, որոնք, չգիտես ինչու, ուզում են զբաղվել այս հարցով, պետք է դա հաշվի առնեն։ Աշխարհի հակառակ կողմում գտնվող երկրները ԼՂ հակամարտության կամ Ադրբեջանում ընթացող գործընթացների վերաբերյալ հայտարարություններ են անում։ Դա անընդունելի է։ Որպես օրինակ կարող եմ Կանադան բերել։ Ի՞նչ իրավունքով։ Ո՞վ է նրանց իրավունք տվել։ Գուցե Կանադան գերտերություն է, իսկ մենք չգիտեի՞նք։ Թող իր գործերով զբաղվի»,- ասել է նա, գրում է Moscow-baku.ru-ն։

Ալիևը նաև ասել է, որ մերժում է Ֆրանսիայի, և մասնավորապես, Լեռնային Ղարաբաղը ճանաչելու վերաբերյալ այդ երկրի Սենատի ներկայացուցիչների հայտարարությունները։

Ավելի վաղ Կանադայի և Ֆրանսիայի ԱԳՆ-ները կոչ էին արել Բաքվին վերադարձնել բոլոր հայ գերիներին։

Ալիևը Նախիջևանում ռազմական օդանավակայան է բացել, ինչպես նաև Նախիջևանի միջազգային օդանավակայանի նոր թռիչքուղին։ Մայիսի 10-ին մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցն Ադրբեջան։ Քննարկվելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը։