11 մայիսի 2021 - 15:09 AMT
ԿԳՄՍՆ-ի կոչը․ «Վերջին դասն» անցկացնել բացօթյա և բացառել որևէ դրամահավաք

Դպրոցներին առաջարկվում է հունիսի 4-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը հնարավորության դեպքում անցկացնել բացօթյա: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և մարզպետարաններին, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նախարարությունը կոչ է արել նաև բացառել որևէ դրամահավաք, որի վերաբերյալ արդեն ստացվում են համապատասխան ահազանգեր: Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին:

Շրջաբերականում առաջարկվում է նաև հնարավորինս սահմանափակել միջոցառման մասնակիցների թիվը՝ պահպանելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առողջապահության նախարարի հրամանի պահանջները:

2020-ին ավանդական «Վերջին դաս» («Վերջին զանգ») միջոցառումը տեղի չունեցավ՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի պատճառով գոյություն ունեցող սահմանափակումներով: