12 մայիսի 2021 - 12:11 AMT
Երևանում մոտ 250 ավտոբուս դուրս չի եկել աշխատանքի

Երևանում մոտ 250 ավտոբուս դուրս չի եկել աշխատանքի՝ վարորդները գործադուլ են անում։ Ջրվեժի և Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների ու երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում:

Վարորդները նշել են, որ արդեն տևական ժամանակ է իրենց վառելիք չի տրամադրվում, նաև պահեստամասի խնդիր ունեն, գրում է «Փաստինֆոն»։

Վարորդները նշել են նաև, որ մեկ ամիս է՝ նման խնդիր ունեն և որոշել են վերջապես խնդրի մասին բարձրաձայնել գործադուլի միջոցով:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը և վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։

«Դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով, «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։ Այս պահին խնդիրը մասամբ լուծված է։

Երևանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը եւ վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը»,-ասվում է գրառման մեջ։