12 մայիսի 2021 - 18:55 AMT
Փաշինյանը Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը կարևորել է միմյանց համար զգայուն հարցերում հավասարակշիռ դիրքորոշումը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում կարևորել է միմյանց համար զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշման պահպանումը։

«Մեզ համար աներկբա է, որ հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է։

Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ ես համոզմունք հայտնեցի, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է իր վերջնական կարգովորումը ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո գործընթացի շրջանակում և նրանց առաջարկած սկզբունքների հիման վրա:

Ես նաև վստահություն հայտնեցի, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը։ Այս առումով կարևորեցի միմյանց համար զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշման պահպանումը»,-ասել է Փաշինյանը, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայութունը։

Փաշինյանը նշել է, որ անդրադարձ է եղել նաև տրանսպորտի, էներգետիկայի և տնտեսության այլ կարևոր ոլորտներում համագործակցության ընթացիկ վիճակին և զարգացման հեռանկարներին:

«Որոշեցինք մեր հարաբերություններում այսուհետ էլ ավելի մեծ շեշտադրում կատարել առևտրի և տնտեսական կապերի զարգացման վրա: Մեր կողմից, մասնավորապես, նշվեց տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների առավել արդյունավետ օգտագործման և տարանցման ներուժի զարգացման կարևորությունը: Ընդգծվեց երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ներուժն ու դրա օգտագործման անհրաժեշտությունը»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ-ում է պաշտոնական այցով։ Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: