13 մայիսի 2021 - 18:03 AMT
Ղազախստանը ՀՀ համար երկարացրել է ներմուծման ցածր մաքսատուրքերը ԵԱՏՄ շրջանակում

Ղազախստանի Սենատի պատգամավորները վավերացրել են ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի համար ներմուծման ցածր մաքսատուրքերի գործողության ժամկետը երկարացնելու մասին արձանագրությունը 94 ապրանքի գծով։

Առևտրի և ինտեգրման նախարար Բահիտ Սուլթանովը նշել է, որ արձանագրությունն ուղղված է ՀՀ համար անցումային շրջանի երկարացման մասին պայմանավորվածության իրականացմանը, գրում է «Սպուտնիկ Ղազախստանը»։

«2022թ․ ավարտվում է ԵԱՏՄ-ին անդամակցելիս ՀՀ-ին տրամադրված անցումային շրջանը։ 2019-ի դեկտեմբերին ՀՀ վարչապետը խնդրեց երկարացնել միասնական մաքսային սակագնին անցնելու անցումային շրջանը։ ԵԱՏՄ անդամ մյուս երկրները այդ ժամկետը 1 տարով երկարացնելու համաձայնություն տվեցին»,-ասել է նախարարը։

ՀՀ համար բացառությունների ցանկը բաղկացած էր 981 ապրանքից՝ սննդամթեքր, միս, քիմիական արտադրանք, ավտոմեքենաներ, դեղորայք, որոշ սարքավորումներ և այլն։

2020-ին ՀՀ համար բացառությունների ցանկը բաղկացած էր 647 ապրանքից։ 2021թ․ հունվարի մեկից ցանկում մնաց 94 այդպիսի ապրանք՝օրինակ, միսը, հացահատիկ, թանկարժեք քարեր և սարքավորումներ։