13 մայիսի 2021 - 17:34 AMT
2025-ին գլխավոր գիտաշխատողի բազային աշխատավարձը կհասնի 553,000 դրամի

Կառավարության որոշմամբ էականորեն վերանայվելու են գիտաշխատողների բազային աշխատավարձները:

Եթե, օրինակ, 2021թ. գլխավոր գիտաշխատողի բազային միջին աշխատավարձը կազմում է 138,000 դրամ, ապա փոփոխությունների արդյունքում՝ 2022թ. հունվարից գլխավոր գիտաշխատողը կստանա նվազագույնը 367,000 դրամ: Հետագա տարիներին բազային նվազագույն աշխատավարձը, շարունակաբար աճելով, 2025թ. հունվարի դրությամբ կհասնի 553,000 դրամի:

Եթե 2021թ. բազային աշխատավարձի ֆոնդը նախնական հաշվարկով կազմում է մոտ 4 մլրդ դրամ, ապա 2022-2025թթ. այն կազմելու է համապատասխանաբար՝ մոտ 7.7 մլրդ դրամ, 10 մլրդ, 12.4 մլրդ և 14.4 մլրդ դրամ:

«Ի դեպ, 2010թ. ի վեր գիտաշխատողների բազային աշխատավարձների ֆոնդի վերանայում տեղի չէր ունեցել»,-գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում։

Ընդգծվում է նաև, որ նշյալ թվերը վերաբերում են բազային աշխատավարձներին, իսկ արդյունավետ աշխատող գիտնականները, բացի բազային աշխատավարձից, մասնակցելով թեմատիկ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին, հավելյալ գումարներ կարող են ստանալ:

Ավելի վաղ կառավարությունը հավանություն էր տվել գիտության ֆինանսավորումն ավելացնելու նախագծին։ Պետբյուջեի մասին օրենքով նախատեսված 1162 գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցները (13․1 մլրդ դրամ) կավելանան մոտ 2․8 մլրդ դրամով։