13 մայիսի 2021 - 18:16 AMT
ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է առաջ գալ Վարդենիսի և Սիսիանի հատվածներում

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես բացահայտ սադրանք է որակում Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ձեռնարկված այս գործողությունները և, անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար, այդ երկրի զինված ուժերից պահանջում անհապաղ վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։