14 մայիսի 2021 - 17:45 AMT
Այվազյանը Զասին տեղեկացրել է, որ Փաշինյանի անունից նամակներ են ուղարկվել Խորհրդի նախագահին և անդամներին

Մայիսի 14-ին տեղի է ունեցել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցը, որի ընթացքում նա տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անունից նամակներ են ուղարկվել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահող Տաջիկստանի նախագահին և Խորհրդի անդամներին՝ Պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդատվությունների ընթացակարգը գործի դնելու խնդրանքով:

Մտքեր են փոխանակվել ընթացակարգով նախատեսված հետագա գործընթացների շուրջ:

Զրուցակիցները շարունակել են քննարկումները մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն հայտարարել է, որ դիմում է ՀԱՊԿ-ին։