15 մայիսի 2021 - 10:29 AMT
ԳՇ-ն հերքել է Վերին Շորժայի մոտ հայ զինծառայողների շրջափակման մեջ ընկնելու լուրը

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից հերքել են համացանցում տարածվող տեղեկությունը, թե «Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներ են շրջափակման մեջ վերցվել», հայտնում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»։

«Ավելին` բոլոր երեք ուղղությունով, որոնցով հակառակորդը մտել է հայկական տարածք, ՀՀ զինուժն ունի լիարժեք վերահսկողություն ինչպես տարածքի, այնպես էլ այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականների և նրանց ապահովման ուղիների նկատմամբ», - ընդգծել են ԳՇ-ից:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը նաև ռազմական օգնություն է խնդրել ՌԴ-ից։