15 մայիսի 2021 - 10:32 AMT
ԱՄՆ-ն սադրիչ է որակել Ադրբեջանի գործողությունները և պահանջել դուրս բերել զորքը ՀՀ-ից

ԱՄՆ-ն սադրիչ է որակել Ադրբեջանի գործողությունները և պահանջել դուրս բերել զորքը ՀՀ տարածքից։ Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության փոխղեկավար Ջալինա Փորթերը։

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով: Վիճելի տարածքներում զորքերի տեղաշարժը անպատասխանատու և անհիմն սադրիչ քայլ է», - ճեպազրույցի ժամանակ ասել է նա` հավելելով` ակնկալում են, որ Ադրբեջանն անմիջապես դուրս կբերի զորքերը և կհրաժարվի հետագա սադրանքներից:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը նաև ռազմական օգնություն է խնդրել ՌԴ-ից։