15 մայիսի 2021 - 15:24 AMT
Կանադան մտահոգված է ՀՀ տարածք Ադրբեջանի ներխուժմամբ

Կանադան մտահոգված է իրավիճակի սրմամաբ ՀՀ և Ադրբեջանի սահմանին և Հայաստանի տարածք ներխուժելու մասին հաղորդագրություններով։ Այդ մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն։

«Մենք կոչ ենք անում կողմերին լիովին պահպանել նոյեմբերի 10-ի հրադադարի մասին հայտարարությունը և շարունակել բանակցությունները ամուր և խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Բոլոր գործողությունները, որոնք կարող են խախտել հրադադարը և հանգեցնել լարվածության աճի, պետք է դադարեցվեն»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը նաև ռազմական օգնություն է խնդրել ՌԴ-ից։