15 մայիսի 2021 - 12:13 AMT
ՀԱՊԿ-ում կարգադրել են Սյունիքի մասով գործադրել խորհրդատվությունների մեխանիզմը

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի կողմից արդեն իսկ տրվել են խորհրդատվությունների մեխանիզմը գործադրելու համապատասխան կարգադրություններ։ Այդ մասին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Սիրոջիդին Մուխրիդդինը հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցում։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Ի շարունակումն ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անունից ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին ուղարկված նամակների՝ Արա Այվազյանն ընդգծել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդատվությունների մեխանիզմը գործադրելու անհրաժեշտությունը:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը նաև ռազմական օգնություն է խնդրել ՌԴ-ից։