13 մարտի 2009 - 14:22 AMT
«Յոթի գործով» դատավարությունն ընթանում է առանց ամբաստանյալների
Այսօր Երեւանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «յոթի գործով» հերթական դատավարությունը: Ինչպես եւ սպասվում էր, այսօրվա նիստն անցնում է առանց մեղադրյալների ներկայության, սակայն ոչ թե միակ ներկա ամբաստանյալ Գրիգոր Ոսկերչյանի առողջության վատթարացման պատճառով, այլ այն պատճառով, որ լսումների սկզբում դատավոր Մնացական Մարտիրոսյանը պատժամիջոց կիրառեց Ոսկերչյանի հանդեպ եւ հեռացրեց նրան դատարանի դահլիճից:

Ոսկերչյանը ոտքի չկանգնեց, երբ դատավորը մտավ դահլիճ: Դատավորի այն հարցին, թե պայմանավորված է արդյոք դա առողջական վիճակով, Գրիգոր Ոսկերչյանը պատասխանեց, որ չէր կանգնի ոչ մի դեպքում:

Հիշեցնեմ, որ վերջին նիստերից մեկի` մարտի 9-ի նիստում դատարանի դահլիճից տասն օրով հեռացվեցին նաեւ ամբաստանյալներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Սուրեն Սիրունյանն ու Շանթ Հարությունյանը: Այնպես որ այսօր եւս դատավարությունը կշարունակվի առանց մեղադրյալների: