13 մարտի 2009 - 14:43 AMT
Ի տարբերություն զարգացած երկրների, Հայաստսանի սպառողը չգիտի իր իրավունքները
Մարտի 15-ին ողջ քաղաքակիրթ աշխարհը նշում է սպառողների իրավունքների պաշտպանության օրը: «60-ական թվականներից ի վեր ողջ աշխարհում նշում են Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը»,-ուրբաթ օրը մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նրա խոսքերով, սպառողների իրավունքների պաշտպանության հարցն առաջին անգամ ուշադրության արժանացավ ԱՄՆ-ում` Ջոն Քենեդիի օրոք, երբ ընդունվեց 4 իրավունք եւ դրանց հավելվեցին ԵՄ-ի կողմից ընդունված եւս 4 իրավունքներ: Ինչպես ասել է Մելիտա Հակոբյանը, ամբողջ աշխարհում սպառողները ցանկանում են պաշտպանված լինել` «Սպառողները չունեն ոչ պաշտոն, ոչ սեռ»:

Նա ներկայացրել է այն 8 հիմնական կանոնները, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր սպառող. անվտանգության իրավունք, տեղեկացված ու լսված լինելու իրավունք, հիմնական պահանջների իրավունք, ընտրության իրավունք, վնասի հատուցման իրավունք, սպառողական գիտելիքներ ստանալու իրավունք, առողջ շրջապատի իրավունք: «Ի տարբերություն զարգացած երկրների, Հայաստանում սպառողին հասցված բարոյական վնասը չի հատուցվում»,-ասել է նա:

Ըստ Մելիտա Հակոբյանի, ցանկացած երկրի կառավարություն պետք է պաշտպանի իր քաղաքացիների սպառողական իրավունքները, որոնք իրենց հերթին պետք է իրազեկ լինեն իրենց իրավունքներին ու պաշտպանեն դրանք: Սպառողների ասոցիացիայի նախագահը սպառողների երեք կատեգորիա է առանձնացրել` իրենց իրավունքները չիմացող սպառողներ, իրավունքներն իմացող, սակայն իրենց մտածելակերպի պատճառով դրանք չպաշտպանող սպառողներ, երրորդ կատեգորիան գիտի եւ պաշտպանում է իր իրավունքները:

Ասոցիացիայի հիմնական գործունեությունը ԶԼՄ-ների միջոցով սպառողների խնդիրներն արծարծելն է, մասնավորապես, 1997 թվականից ի վեր ասոցիացիան լույս է ընծայում «Սպառող» պարբերականը, որտեղ ներկայացված են մարքեթինգային ու դիտարկման հետազոտությունների արդյունքները, ակցիաներ է կազմակերպում սպառողներին անվնաս պարենամթերքի ու ծառայությունների տրամադրման ուղղությամբ, դպրոցներում սպառողների իրավունքների ուսուցման ծրագիր է մշակել: