20 մայիսի 2021 - 13:29 AMT
Հունաստանի ԱԳՆ․ ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի

Հունաստանի արտաքին գոծերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի։ Այդ մասին ասվում է այդ երկրի ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում։

«Չափազանց մտահոգիչ է լարվածությունը Հայաստանի սահմանին։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Կարևոր է խուսափել ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կարող են խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,-ասվում է թվիթերում ԱԳՆ հայտարարության մեջ։

Մայիսի 20-ի դրությամբ ՀՀ տարածքում մոտ 500-600 ադրբեջանցի զինծառայող կա։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։