20 մայիսի 2021 - 16:32 AMT
ԵԽ պատգամավոր․ Հայ ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելլամին ԵԽ լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է, որ հայ ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն, գրում է Արմենպրեսը։

Պատգամավորը նախ շեշտել է, որ վերջապես հումանիտար բնույթի այս կարևոր հարցը կարողացել են ընդգրկել օրակարգ: Նա ԵԽ ամբիոնից շեշտել է՝ Ադրբեջանը հրաժարվում է հայտնել, թե դեռ քանի մարդ է պահվում, իսկ Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ կան, որոնք չգիտեն՝ իրենց որդին մահացած է, ո՞ղջ է, գերի՞ է:

«Ալիևը խոսում է խաղաղությունը հարգելու մասին, ինչպե՞ս կարող ենք հավատալ դրան, երբ այսօր նա խախտում է Հայաստանի տարածքը: Ոչ մի դիվանագիտություն չի կարող արդարացնել հիմնարար իրավունքների այդ չարաշահումը: Ռազմագերիները պետք է ազատ արձակվեն՝ առանց հետաձգման»,-եզրափակել է ԵԽ պատգամավորը:

Նրա ելույթից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել:

Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել գերիներին։ Ըստ հայկական կողմի, Ադրբեջանում ավելի քան 200 հայ է պահվում։ Ավելի վաղ հայտնի դարձավ գերության մեջ հայտնված առնվազն 19-ը հայի, այդ թվում 4 կանանց, սպանության մասին։