20 մայիսի 2021 - 17:37 AMT
ՀՀ նախագահը ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների մեջ ներգրավված չէր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների և քննարկումների մեջ ներգրավված չի եղել և չէ, հայտնում է նրա աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Հետևաբար, նա բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի, առավել ևս դրա մանրամասների մասին։

Հանրապետության նախագահը համոզված է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

Մայիսի 20-ի կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համացանցում հրապարակած փաստաթղթին, հաստատել է, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել։ «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին և այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», -ասել է նա։

Ավելի վաղ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ է ստորագրելու և հրապարակել էր առաջին երկու պարբերությունները։