Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների այցելություն Սյունիքի մարզ` ՀՀ տարածք Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու :
Հրամանատարության ներկայացուցիչների ուղեկցությամբ ռազմական կցորդները եղել են Սև լճի մերձակայքում, արձանագրել ՀՀ տարածքում ադրբեջանցի զինվորականների ներկայությունը, դիտարկել տեղանքում հայկական և ադրբեջանական ուժերի տեղակայումը:
ԶՈւ պատասխանատու ստորաբաժանման հրամանատարության ներկայացուցիչները ռազմական կցորդներին ներկայացրել են մայիսի 12-ից հետո ստեղծված իրավիճակը և զարգացումները, հայկական կողմի ձեռնարկած գործողությունները, պատասխանել ռազմական կցորդներին հետաքրքրող և ճշգրտող հարցերին:
Մայիսի 20-ին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Սյունիքի մարզ էին այցելել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն ու Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանները։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ով դեսպանների հետ այցելել է Սև լճի մոտակա տարածք, ասել է, որ ԵՄ-ն ինչպես ցանկացած պարագայում, այնպես էլ հիմա հանդես է գալիս տարածքային ամբողջականության պահպանման օգտին։