21 մայիսի 2021 - 18:20 AMT
Պեսկովը՝ ենթադրյալ փաստաթղթի մասին․ Առաջնորդվել միայն պաշտոնական հրապարակումներով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով համացանցում շրջանառվող ստորագրվելիք նոր եռակողմ հայտարարության ենթադրյալ տեքստը, հորդորել է զուսպ վերաբերվել նման հրապարակումներին՝ առաջնորդվելով միայն պաշտոնական աղբյուրներով։

«Ընդհանուր առմամբ, դա այնքան փխրուն սուբստանցիա է և այնքան լուրջ ջանքեր են գործադրվում այդ իրավիճակի կարգավորման համար, որ հարկավոր է շատ զուսպ վերաբերվել նման հրապարակումներին և կողմնորոշվել միայն պաշտոնականներով»,-ասել է Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Մայիսի 20-ի կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համացանցում հրապարակած փաստաթղթին, հաստատել է, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել։ «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին և այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», -ասել է նա։

Ավելի վաղ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ է ստորագրելու և հրապարակել էր առաջին երկու պարբերությունները։

Photo. Ria Novosti