22 մայիսի 2021 - 10:46 AMT
Լիտվացի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին դուրս բերել զորքերը ՀՀ-ից

Լիտվացի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից, տեղեկացնում է Լիտվայում ՀՀ դեսպանությունը Twitter-ի իր միկրոբլոգում։

Լիտվայի Սեյմի Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խումբն իր նիստում մտահոգություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածության աճի կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի տարածք ներխուժման մասին հաղորդագրություններով։ Նրանք կոչ են արել, որ Ադրբեջանն անհապաղ դուրս բերի իր զորքը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։