25 մայիսի 2021 - 16:49 AMT
Քոչարյան․ ՌԴ-ն առանցքային դեր ունի ԼՂ հարցում, բայց մտածել, որ բանալին մեկ տեղում է՝ պարզունակություն է

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» նախընտրական դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով այն պնդումներին, թե ղարաբաղյան կարգավորման բանալին ՌԴ-ում է, ասել է, որ ակնհայտ է, որ Ռուսաստանն առանցքային դեր ունի գործընթացում, բայց մտածել, որ բանալին մեկ տեղ է դրված, չափից դուրս պարզունակություն է։

«Կան կոնֆլիկտի կողմեր, կա ներգրաված կողմ, կա եռանախագահություն, կա Ռուսաստան: Ակնհայտ է, որ Ռուսաստանն առանցքային երկրներից է և առանցքային դեր ունի այս գորընթացներում, հատկապես այս վերջին իրադարձությունների կտրվածքով, բայց մտածել, որ բանալին մեկ տեղ է դրված, չափից դուրս և իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Հարցին, թե արդյո՞ք իրեն համարում է ոչմիթիզականության ու առավելապաշտության կրող, ինչպես ՀՀ առաջին նախագահն է նշում իր հոդվածներով՝ Քոչարյանն ասել է , որ ցանկություն չունի մեկնաբանելու վերջինիս հայտարարությունները։

«Տասը տարի եղել եմ Հայաստանի նախագահ, չի եղել համանախագահների կողմից որևէ մի առաջարկ, որն ընդուներ Ադրբեջանը, մերժեր Հայաստանը: Սա փաստ է: Բոլոր այդ տասը տարիների ընթացքում բոլոր առաջարկներին մենք ասում էինք՝ ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատարաստ ենք այդ առաջարկները քննարկել, Ադրբեջանն այդ առաջարկները կտրականապես մերժում էր: Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի նման կարգի եզրակացությունների կամ մեղադրանքների»,-ասել է նա:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ծավալուն հոդվածում գրել էր, որ «1997 թվականից ի վեր՝ Հայաստանի բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, վիժեցնելով փոխզիջումային լուծման ամենանպաստավոր հնարավորությունը, որդեգրեցին ստատուս-քվոյի պահպանման ու փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծը»: