26 մայիսի 2021 - 14:09 AMT
ԱՄՆ ԶՈւ-ն «դասեր է քաղել» ԼՂ-ում պատերազմից․ Կօգտագործի ԱԹՍ-ների կիրառման փորձը

ԱՄՆ Զինված ուժերի կիբերհրամանատարությունը կօգտագործի Լեռնային Ղարաբաղում անօդաչու թռչող սարքերի կիրառման փորձը՝ կիբերպատերազմի առաջին գումարտակը ձևավորելիս։ Այդ մասին հայտարարել է գերատեսչության գեներալ-լեյտենանտ Սթիվեն Ֆոգարտին Cyber Electromagnetic Activity (CEMA) խորհրդաժողովում։

«Այս ամռանը մենք մտադիր ենք թողարկել առաջին կիբերթիմը՝ ECT-ն, և փորձարկել։ Մենք մտադիր ենք մի շարք գաղափարներ փորձարկել: Դա կապված է նաև այլ հակամարտություններից քաղած դասերի հետ։ Հատկապես Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունից»,-ասել է նա, գրում է Breaking Defense-ը։

Ֆոգարտին նշել է, սակայն, որ համամիտ չէ այն լայն տարածված կարծիքի հետ, թե «Ադրբեջանը հաղթել է Հայաստանին առավելապես անօդաչուների հաշվին», քանի որ ԱԹՍ-ները կարող են գրոհել թիրախները դրանց հայտանբերումից հետո միայն և դրանք պետք է հաղթահարեին հակառակորդի պաշտպանությունը։

«Բացի այդ, ԱԹՍ-ների համար հրամանատարներ էին պետք, որոնք կհավաքեին լայնածավալ տեղեկատվությունը և արագ որոշում կկայացնեին հարվածելու մասին՝ հասցնելով դա անել մինչ թիրախի տեղափոխումը կամ այն կորցնելը»,-ասել է նա։

Արցախի դեմ 44-օրյա պատերազմում Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ համագործակցությամբ լայնորեն կիրառել է թուրքական արտադրության հարվածային ԱԹՍ-ները, այդ թվում՝ խաղաղ բնակչության և սոցիալական նշանակության օբյեկտները գրոհելու համար։ Հատկապես լայնորեն են կիրառվել թուրքական թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերը: