26 մայիսի 2021 - 17:37 AMT
Աճեմօղլուն քննադատել է Թուրքիայի ղեկավարությանն ազգայնականության և պոպուլիզմի համար

Պոլսահայ հայտնի տնտեսագետ, ամերիկաբնակ Տարոն Աճեմօղլուն քննադատել է Թուրքիայի ղեկավարությանը երկիրը նորից ազգայնական ու պոպուլիստական գիծ մտցնելու համար՝ նշելով, որ սա բազմաթիվ տնտեսական խնդիրներ կառաջացնի, ինչպես 1990-ականներին էր։

Թուրքական T24 լրատվակայքին տված հարցազրույցում նա խոսել է Թուրքիայի տնտեսության խնդիրներից ու առաջիկա ռիսկերից, գրում է Ermenihaber-ը:

Թուրքիայում երիտասարդ տարիքային խմբում աճող գործազրկության մասին հարցին պատասխանելիս՝ Աճեմօղլուն ասել է, որ Թուրքիայում այդ խնդիրը միշտ եղել է՝ բացառությամբ 2000-2006թթ. երբ այդ ուղղությամբ արված քայլերի արդյունքում բազմաթիվ աշխատատեղեր ստեղծվեցին ու երիտասարդների համար հեռանկարներ բացվեցին:

Ըստ տնտեսագետի՝ դրա հետևանքով երիտասարդների մեջ ձևավորված ակնկալիքներին հատկապես վերջին 5 տարում պետությունը այլևս չի կարողանում համարժեք արձագանքել: Աճեմօղլուն նշել է, որ դրա պատճառը Թուրքիայի տնտեսության ոչ արդյունավետ զարգացումն է, ինչն էլ իր հերթին գալիս է տնտեսության ոչ բավարար արտադրողականությունությունից: Թուրքիան իր հնարավորությունները չի կարողանում ճիշտ օգտագործել:

Հարցին, թե Թուրքիայի տնտեսության մեջ նկատվող ճգնաժամը արդյոք կարող է խորանալ, Աճեմօղլուն դրական է պատասխանել: Ըստ նրա՝ Թուրքիայում հատկապես մեծ խնդիրների առաջ են կանգնած մեծ առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող առանձին խանութները, շինարարական ընկերությունները, խնդիրներ կան ռեզերվների աստիճանական նվազման, տարադրամի փոխարժեքի ու բանկային տոկոսների հետ կապված:

«Այս ցուցանիշներով ավելի նեգատիվի գնալու հավանականություն կա: Այս խնդիրները միայն Թուրքիային չեն հատուկ, այլ տեղերում էլ կան, սակայն որտեղ էլ, որ դրանք ի հայտ են գալիս դրանց տակ սխալ կառավարումն է ընկած»,- ասել է աշխարհում ամենաշատ մեջբերվող տնտեսագետը: