27 մայիսի 2021 - 16:09 AMT
ՀՀ-ն 6 հայ գերու հարցով դիմել է ՄԻԵԴ

Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան գերեվարված վեց հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ Այդ մասին ասվում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

«Մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված հայ զինծառայողների իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում։

Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը», - ասվում է հայտարարության մեջ։

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։