27 մայիսի 2021 - 16:52 AMT
ՀՀ նախագահը՝ ԳՇ պետին․Պետք է անել առավելագույնը՝ զինվորականների և ՀՀ բնակչության անվտանգությունն ապահովելու

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ պետք է արվի առավելագույնը՝ սահմանագիծը պահող մեր զինվորականների և ՀՀ բնակչության անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ:

ԳՇ պետը նախագահին մանրամասներ է ներկայացրել Գեղարքունիքի մարզում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողներին գերեվարելու դեպքի և սահմանային իրավիճակի վերաբերյալ:

Հանրապետության նախագահն անհետաձգելի է համարել համապատասխան մարմինների և առաջին հերթին՝ հայկական զինված ուժերի և դիվանագիտական բոլոր հնարավորությունների օգտագործումը գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ:

Նշելով, որ ՀՀ տարածքում Ադրբեջանի սադրիչ գործողությունները պետք է արժանանան միջազգային հանրության խիստ արձագանքին՝ նախագահն ասել է, որ շարունակելու է բարձրացնել հարցը միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ:

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։