27 մայիսի 2021 - 17:27 AMT
ԳՇ պետի տեղակալ․ ՀՀ տարածքում հակառակորդի թիվը չի գերազանցում 1000-ը

ՀՀ ԶՈւ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը հայտարարել է, որ ՀՀ տարածքում գտնվող հակառակորդի թիվը չի գերազանցում 1000-ը:

Նրա խոսքով՝ ստորաբաժանումների վերածելով ու հարաբերակցելով այդ ուղղությամբ գտնվող մեր ստորաբաժանումների հետ՝ հակառակորդի 1000 զինծառայողը մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություններ չունի, գրում է Aysor.am-ը։

«Եթե հարցին լուծում տանք ռազմական ուժի կիրառմամբ, ապա այդ 1000 զինծառայողը մեր տարածքից դուրս գալ չի կարող: Կոչնչացնենք բոլորին անխտիր», - նշել է Ասրյանը:

Պատասխանելով դիտարկմանը, թե քաղաքական ղեկավարությունը ԶՈւ-ին չկրակելու հրաման է տվել՝ նա ասել է, որ քաղաքական ղեկավարությունը չկրակելու հրաման չի տալիս, ռազմական ղեկավարությունն է տալիս։ Նա հավելել է, որ ԶՈւ-ին ոչ ոք չի արգելում պարտականությունները կատարել, գրում է Aysor.am-ը։

Ասրյանի խոսքով՝ եթե հայկական կողմը զգա, որ հակառակորդի հետ արդեն չի կարող ձեռնամարտի բռնվել, և համապատասխան նախանշաններ լինեն, որ հակառակորդն արդեն ձգտում է այլ ուղղությամբ իր պայմանները թելադրելու, ռազմական ուժ կկիրառի:

«Կոչնչացնենք մեր տարածքում գտնվող հակառակորդի բոլոր զինծառայողներին: Բոլորը նշանառման տակ են, նրանց զինծառայողները, նրանց տեղադրած վրանները, միջոցները տեսանելի են: Թաքնված ուժեր չկան», - ասել է նա:

ԳՇ պաշտոնյայի գնահատմամբ՝ ներկայումս համապատասխան նախանշաներ դեռ չկան: Նա մեկ օրինակ է բերել՝ եթե Ադրբեջանը փորձի իր ուժերը հայկական կողմից ինչ-որ չափով հեռացնել, առաջին նախանշանն է, որ պատրաստվում է ուժ կիրառել:

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։