13 մարտի 2009 - 20:41 AMT
Բուհերի ռեկտորները «անբարոյական» են անվանել կաշառակերության դեմ պայքարում հայ երիտասարդության մեթոդները
«Ոչ ոք չի ժխտում, որ մեր հասարակության մեջ կոռուպցիա կա, սակայն «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցները խախտեցին ոչ միայն իրավական, այլ նաեւ բարոյական նորմերը: Չունենանլով ոչ մի փաստ կամ հիմնավորում, նրանք զրպարտեցին մարդկանց: Այդ քայլը բացասաբար կանդրադառնա հայկական բուհերի հեղինակության վրա: Քանի որ զրպարտիչների դեմ կոլեկտիվ հայցեր չեն ընդունվում, զրպարտված դասախոսներից յուրաքանչյուրը պետք է ինքը որոշի, դիմել հայցով թե ոչ, իսկ մենք նրանց կաջակցենք»,-ասել է լրագրողների հետ հանդիպմանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Ըստ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանի, իր գլխավորած բուհն արդեն անցել է թեստային քննությունների, հաջորդ տարի դրանք կանցկացվեն համակարգիչների օգնությամբ: «Սա եւս կաշառակերության դեմ պայքարի միջոց է: Պետք է արմատախիլ անել կաշառակերության դրսեւորումներն առավել քաղաքակիրթ մեթոդներով: Փաստերի առկայության դեպքում մենք պատրաստ ենք միջոցներ ձեռնարկել կաշառակեր դասախոսների դեմ»,-ասել է նա:

Իր հերթին, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է. «Պայքարը կոռուպցիայի դեմ պետք է սկսել ուժային կառույցներից: «Շնաձկներին» բռնելու փոխարեն, մենք ընկել ենք մանր ձկների հետեւը: Այս շարժման նպատակը իմիտացիան է, իսկ իմիտացիոն գործընթացները երբեք իրական արդյունք չեն տվել»:

Մարտի 11-ին «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցները պայքար սկսեցին կաշառակերության դեմ: Այդ ծրագրի շրջանակներում որոշ բուհերի պատերին, կանգառներում եւ բանուկ տեղերում փակցված էին տասնյակից ավելի հայ դասախոսների նկարներ, «կաշառակեր» ընդհանուր վերտառությամբ: Լուսանկարներից բացի տեղեկատվություն էր տրամադրված դասախոսների գործունեության մասին, նրանց «անցած ուղու» մասին: Շարժման մասնակիցները կոչ են արել բոլոր ուսանողներին միանալ այդ պայքարին եւ նպաստել կոռուպցիայի եւ նման երեւույթների ոչնչացմանը բուհերում: