27 մայիսի 2021 - 18:05 AMT
Փաշինյան. Շուտով սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման պլան կներկայացնեմ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ շատ շուտով սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման պլան կներկայացնի:

«Վստահ եմ՝ առաջարկը փոխշահավետ է և իրականանալի կարճ ժամանակահատվածում՝ միջազգային հանրության աջակցությամբ»,-ասվում է գրառման մեջ։

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։