28 մայիսի 2021 - 13:45 AMT
Լաքոթ․ Մաղթում եմ հայերին հպարտ լինել այս երկիրն իրենց երեխաներին նվիրելու համար

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ֆեյսբուքյան իր էջում շնորհավորելով Առաջին հանրապետության 103-րդ տարեդարձին կապակցությամբ, մաղթել է, որ Հայաստանը երբեք չկասկածի իր գեղեցկության, ուժերի և տաղանդների վրա։

«Այս մայիսի 28-ին, Առաջին հանրապետության 103-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին կարողանալ ապրել իր անկախության, խաղաղության և բարգավաճման մեջ, մաղթում եմ Հայաստանին, ով իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ, մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա։ Մաղթում եմ հայերին հպարտ լինել այս երկիրն իրենց երեխաներին նվիրելու համար։

Եվ մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ»,-ասվում է գրառման մեջ:

Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության 103-ամյակը, որը ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո: