29 մայիսի 2021 - 13:37 AMT
Բայդենն առաջարկել է $24 մլն օգնություն հատկացնել ՀՀ-ին 2022-ի ֆինտարվա համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կոչ է արել է $24 մլն օգնություն հատկացնել ՀՀ-ին 2022թ․ ֆինանսական տարվա համար։ Բյուջեի նախագիծը հրապարակվել է մայիսի 28-ին։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ սա ստանդարտ հարցում է, որը հաշվի չի առնում այն հումանիտար և տնտեսական աղետալի վիճակը, որը ստեղծել է Հայաստանում 2020-ի աշնանը Ադրբեջանի և Թուրքիայի Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով։

«ՀՀ համար Բայդենի կողմից առաջարկվող օժանդակությունը, որն առաջարկվել է շարունակվող հումանիտար և տնտեսական ճգնաժամի պայմաններում, հեռու է այն պահանջներից, որոնք ծառացել են տասնյակ հազարավոր հայերի համար Բաքվի կազմակերպած էթնիկ զտումների արդյունքում»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

«Մեր կառավարությունը միջոցներ է գտել նավթով հարուստ Ադրբեջանին 120 մլն դոլարի ռազմական օժանդակություն ցուցաբերելու համար, սակայն այդ գումարի միայն մի փոքր մաս է առաջարկում արցախցի տեղահնված և անդամներին կորցրած ընտանիքների համար, որոնք տեղահանվել են ԱՄՆ ֆինանսական աջակցություն ստացող ադրբեջանակan բանակի կողմից։ Կոնգրեսը պետք է զրոյացնի այդ օգնությունն Ադրբեջանին և օգնության հուսալի փաթեթ առաջարկի Արցախին և Հայաստանին»,-հավելել է Համբարյանը։

ԱՄՆ նախագահի՝ ՀՀ համար առաջարկած բյուջեն ներառում է 23,405,000 դոլարի հատկացում և 600,000 դոլարի ռազմական օգնություն։ Բյուջեի առանձին հոդվածով առաջարկվում է $6,050,000 հատկացնել ՀՀ իրավապահ մարմիններին թմրանյութերի շրջանառության դեմ միջազգային պայքարի համար։

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 65 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը միացել էր Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի առաջարկին՝ ՀՀ-ին ավելի քան 100 մլն դոլար հատկացնելու վերաբերյալ։

Photo. Getty Images