29 մայիսի 2021 - 14:31 AMT
Փաշինյան․ ՀՀ-ն պատրաստ է հետ քաշել զորքերը ցանկացած պահի

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի սկսել զորքերը հետ քաշելու գործընթացը՝ ակնկալելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համապատասխան պայմանավորվածություն ձեռք կբերեն Ադրբեջանի հետ։

Ըստ նրա, դա թույլ կտա միաժամանակ սկսել այդ գործընթացը Սոթքից մինչև Խոզնավար սահմանային հատվածում, որտեղ կա լարվածություն։

Փաշինյանը հավելել է նաև, որ հայկական կողմը պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում լիարժեք վերականգնել բանակցային գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորելու նպատակով։

Փաշինյանը ողջունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որով նաև կոչ է արվում անհապաղ վերադարձնել ՀՀ տարածքից գերեվարված զինծառայողներին։

Ըստ նրա, քանի որ ԵԱՀԿ ՄԽ երկրներն առաջարկել են սկզբում հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքից և որ այդ մոտեցումը համահունչ է հայկական կողմի պատկերացումներին, ապա այդ առաջարկներն ընդունելի են։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 28-ի իրենց հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական դեմարկացիայի չենթարկված սահմանին գրանցված միջադեպերի առնչությամբ՝ անընդունելի համարելով ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը: Նրանք կոչ են արել երկու կողմերին հրատապ քայլեր ձեռնարկել, այդ թվում հետ քաշելով զորքերը, լարվածությունը թուլացնելու և բանակցություններ սկսելու համար՝ սահմանին խաղաղ ճանապարհով սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար: Համանախագահները պատրաստակմություն են հայտնել աջակցելու գործընթացին: