29 մայիսի 2021 - 15:40 AMT
ԿԸՀ․ ՀՀ-ում հաշվառում չունեցող ընտրողը կարող է մասնակցել քվեարկությանը՝ դիմում ներկայացնելով

Հայաստանում հաշվառում չունեցող ընտրողը կարող է մասնակցել քվեարկությանը։ Այդ մասին տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Տվյալ անձանց համար գործում է հետևյալ կարգը․ մինչև հունիսի 10-ը հարկավոր է դիմում ներկայացնել անձնագրային և վիզաների վարչություն կամ, ըստ գտնվելու վայրի, անձնագրային ծառայություն, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:

Դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողն ընդգրկվում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տրամադրվում է տեղեկանք:

Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում լիոզորագրի համար պարտադիր նոտարական վավերացում չի պահանջվում:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։