29 մայիսի 2021 - 17:20 AMT
ՌԴ ներկայացուցիչները դրոշներով Կութում են՝ դեպի ադրբեջանական դիրքեր են գնացել

Ռուսական կողմի ներկայացուցիչներն իրենց դրոշներով Կութ գյուղում են։ Այս մասին հայտնել է համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Եկել են, գյուղով անցել, բարձրացել դիրքեր, այլ տեղեկություն չունենք իրենցից։ Ուղիղ մեր դիմացով՝ 5․5 կմ հեռավորության վրա այն դիրքերն են, որտեղ տեղակայված են ադրբեջանցիները։ Գնացել են այդ կողմ, բայց չենք տեսնում իրենց։ Եկել են սահմանների համար, բայց մանրամասներ չգիտենք, մեզ հետ չեն խոսել, եկել, ուղիղ անցել են»,- ասել է նա։

Չիտչյանը տեղեկացրել է, որ գյուղում նկատել են չորս մեքենա, որոնցից երկուսի վրա եղել են ՌԴ դրոշները։ Ամենայն հավանականությամբ, բանակցություններ են ընթանալու, որոնց մանրամասների մասին տեղեկություն չունեն։

«Այնտեղ բարձրանալու համար մեր հայերի պոստերը պետք է անցնեն, հետո ադրբեջանցիների պոստն է, բայց չենք տեսնում՝ անտեսանելի են, թե որտեղ են հանդիպում, որտե՞ղ են բանակցությունները՝ չի երեվում։ Զինվորականներից էլ կային՝ մեր պաշտոնյաներից։ Չորս մեքենա է անցել, որից երկուսի վրա է եղել ռուսական դրոշները»,- ասել է Չիտչյանը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել։