31 մայիսի 2021 - 10:56 AMT
ՄԻՊ-ը Տավուշի գյուղերի վերաբերյալ փաստ է հրապարակել պաշտոնյաների համար

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում կարևոր փաստ է հրապարակել՝ ի գիտություն որոշ պաշտոնյաների ու գործիչների։

Նա նշել է, որ Դիլիջանի գավառին պատկանող Սոֆլու, Բարխուդարլու և Վերին Աքսիփարա (Ոսկեպար) գյուղերը` ընդհանուր 3104 դեսյատին տարածքով, Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային և անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովի 1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին:

«Այդ և մի շարք այլ գյուղեր միշտ էլ ռազմավարական, կենսական կարևոր նշանակություն են ունեցել և հիմա էլ շարունակում են ունենալ ՀՀ սահմանային բնակչության անվտանգության, նրանց սեփականության իրավունքների երաշխավորման, այդ թվում` հողատարածքներն ու արոտավայրերն օգտագործելու տեսանկյունից:

Հ.Գ. Դեսյատինը հողային տարածության հին չափ է` 2400 քառ. սաժեն կամ 1.09 հեկտար»։

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը հայտարարել էր, թե «Տավուշում կան ադրբեջանական հողեր, որոնք գտնվում են հայկական տիրապետության տակ և կան տարածքներ, որոնք ադրբեջանական հսկողության տակ են»:

«Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար, սա ինձ համար չէ, քարտեզով սրանք ադրբեջանական տարածքներ են: Ես ուրիշ քարտեզ չունեմ, դուք ունե՞ք»,-ասել էր նա։