ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հետ քաշվելու ու այդտեղ միջազգային դիտորդների տեղակայելու մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը հնչեցված է, միջազգային արձագանք կա, հերթն Ադրբեջանինն է:
«Բոլորդ տեսել եք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հայտարարությունը, որը, ըստ էության, արձագանք էր վարչապետի առաջարկին: Եղել է արձագանք նաև ԱՄՆ-ի կողմից: Հստակ գնահատականներ հնչել են մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Կանադայի ու Լիտվայի կողմից: Այնպես որ, մենք կարող ենք արձանագրել, որ հանրային արձագանք եղել է»,- ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։
Մակունցը հավելել է, որ վարչապետի պաշտոնակատարը նշել է՝ Հայաստանը պատրաստ է քննարկել իր առաջարկի հետ կապված մնացած քայլերն այն բանից հետո, երբ Ադրբեջանն արձագանքի գործընկերներին, օրինակ՝ ԵԱՀԿ ՄԽ-ին և հայելային կերպով հետ քաշի իր զինված ուժերը ՀՀ տարածքից։ Նա նշել է, որ հաջորդ քայլը պետք է լինի Ադրբեջանի կողմից:
«Իմ քայլի» ղեկավարի դիտարկմամբ՝ որևէ գործընթաց չի կարող սկսվել, քանի դեռ Ադրբեջանը հետ չի քաշել իր ուժերը ՀՀ տարածքից:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում միջազգային հանրությանն ուղղված առաջարկ է հնչեցրել՝ սահմանագծցի թե հայկական, թե ադրբեջանական զինուժը հետ քաշելու ու միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ։ Նա նշել է, որ դիտորդները կարող են լինել ինչպես ՌԴ-ից, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրներից։
Ընթերցեք նաև․ Մակունց․ Փաշինյանի առաջարկի մասով Այվազյանն առարկություն չի հնչեցրել