31 մայիսի 2021 - 14:37 AMT
Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են Մոսկվայի պայմանավորվածությունների կատարումը

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մայիսի 31-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և դրա հանգուցալուծման շուրջ նախորդ շաբաթ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ճանապարհները։

Ռազմավարական դաշնակից երկու երկրի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև ՀՀ զինված ուժերում սկիզբ առած բարեփոխումների հիմնական ուղղություններին, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին և դրանց դիմակայելու միասնական գործողություններին վերաբերող մի շարք հարցերի։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։