31 մայիսի 2021 - 16:01 AMT
Փաշինյանի խոսնակ. Այվազյանից հրապարակային պարզաբանում ենք ակնկալում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, արձագանքելով Արա Այվազյանի՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու պատճառների մասին հայտարարությանը, ասել է, որ հրապարակային պարզաբանում է ակնկալվում նրանից, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Մենք պարոն Այվազյանին շնորհակալություն ենք հայտնում կատարած աշխատանքի համար, այնուամենայնիվ կարծում ենք` մեր պետական և ազգային շահը պարտադրում է, որ պարոն Այվազյանը հրապարակային պարզաբանի` այդ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական և ազգային շահին: Ակնկալում ենք, որ պարոն Այվազյանը հրապարակային կպարզաբանի դրանք»,- նշել է Գևորգյանը:

Մայիսի 31-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ԱԳՆ անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր նրանով, «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։

Արա Այվազյանի՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական է տվել մայիսի 27-ին։ Այդ պաշտոնում նա նշանակվել էր 2020-ի նոյեմբերի 18-ին։